Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

«ԲՈԼՈՐԸ ԳԻՏԵՆ «Marlboro lights» ՈՐՏԵՂ ԳՆԵԼ, ԲԱՅՑ, ՉԳԻՏԵՍ ԻՆՉՈՒ, ՈՉ ՈՔ ՉԳԻՏԻ, ԹԵ ՈՐՏԵՂ Է ՎԱՃԱՌՎՈՒՄ ԳԻՐՔԸ»

«ԲՈԼՈՐԸ ԳԻՏԵՆ «Marlboro lights» ՈՐՏԵՂ ԳՆԵԼ, ԲԱՅՑ, ՉԳԻՏԵՍ ԻՆՉՈՒ, ՈՉ ՈՔ ՉԳԻՏԻ, ԹԵ ՈՐՏԵՂ Է ՎԱՃԱՌՎՈՒՄ ԳԻՐՔԸ»
24.01.2012 | 00:00

«Իրատես de facto»-ի հյուրը թատերագիր, երգիծաբան ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆՆ է:

-Տարեցտարի Հայաստանում կյանքը վատանում է: Այս հարցի պատասխանը գլխավորապես կախված է նրանից, թե քաղաքական որ հոսանքին են պատկանում հարցվողները:
-Այն մարդկանց, ովքեր կա՛մ իշխանամետ են, կա՛մ ընդդիմադիր (նկատի ունեմ ծայրահեղորեն բևեռացված մարդկանց կարծիքները), ես համարում եմ անհիմն ու անմիտ: Չի կարելի ստեղծել վիճակագրություն` ելնելով նման մարդկանց «կարծիքներից»… Բանական էակը, կարծում եմ, պետք է լինի պետության մասին մտածող: Գրեթե բոլորը խառնում են պետություն հասկացությունը իշխանության ու կառավարության հետ: Երբ մարդը խոսում է պետության շահերից, չգիտես ինչու, շատ ու շատ շնչավոր առարկաների թվում է, թե այդ մարդը իշխանամետ է, իսկ եթե իշխանություններին է քննադատում, համոզված հայտարարում են, թե ընդդիմության կողմն է: Բայց ինձ թվում է, Աստված այնքան երկար ժամանակ չի տվել ապրելու, որ խոսենք ընդդիմության կամ իշխանության մասին: Նրանց 98 տոկոսը շահամոլ, անհագուրդ, միաբջիջ, իրենց արարքների մեջ շատ կանխատեսելի, անցողիկ մժեղներ են: Ինչ վերաբերում է հարցին, ասեմ, որ 2004-ից ցայսօր, այնքան հսկայական տարբերություն կա դեպի վատը, որ խոսքերով անհնար է նկարագրել, և դա գալիս է մարդկանց ուղեղներից. թե՛ ընդդիմություն կոչվածի, թե՛ իշխանության որոշ ներկայացուցիչների, թե՛, ընդհանրապես, այն մարդկանց, ովքեր մտածում են միայն իրենց մասին: Հասել է նրան, որ գրեթե բոլորը մտածում են միայն իրենց մասին: Արվեստագետների կեսը կամ գնում է երկրից, կամ դառնում ազատ ունկնդիր։
-Կարծում եք` կա՞ որևէ հասարակական-քաղաքական գործիչ, մտավորական, որին հավատում են այսօր:
-Ցավոք, շատերը հավատում են միայն վերոհիշյալ բևեռների ծախու «գործիչներին»: Բայց մարդիկ պիտի նվիրական գաղափարի հավատան: Եթե ժողովուրդը հավատում էր Ստալինին, դրանում կար ինչ-որ իմաստ, պետք էր կառուցել այդ պետությունը, ինչ-որ նվիրական հասկացություն պիտի լիներ, որին հնարավոր լիներ ապավինել: Դա, իհարկե հենց Իոսիֆ Ստալինի անունն էր։ Լավ էր, թե վատ, այդպես էր: Այսօր չկա գաղափարախոսություն, թեկուզ վատ, միայն կան գրպան, խաբեություն ու գողություն։ ՈՒ դա անում են բոլորը` շուկայի հատակը մաքրողից սկսած, Ազգային ժողովով ու ընդդիմությամբ անցած ու ամենավերևներով վերջացրած: Մտավորականները, ես էլ, բոլորս ապրում ենք մեզ համար: Եթե կա մի մարդ, որ դառնում է կուսակցական կամ պատգամավոր ոչ իր շահերի համար, ես կուզենայի ծանոթանալ նրա հետ: Նախագահ է պետք ընտրել, ընտրում եմ չարյաց փոքրագույնը, պատգամավոր է պետք ընտրել, ընդհանրապես չեմ ընտրում, որովհետև գիտեմ, որ նա խաբեբա է ու գող: Ընդդիմության պարագլուխները գոռում են «Պայքա՜ր, պայքա՜ր մինչև վերջ», ես այդ «Վերջը» հասկանում եմ հենց իրենց խոշոր պաշտոնյա դառնալու և պատվերը արդեն կատարած լինելու պահը։ Համընդհանուր անգրագիտությունն ու ծայրահեղ գավառականության համընդհանուր աճը սարսափազդու են։ Հիմա ո՞վ կհիշի որևէ հեքիաթ, որտեղ բարին հաղթում է չարին: Այսօրվա միջին սերնդի 90 տոկոսը ոչ միայն «Գանձերի կղզին» չի կարդացել, այլև «Պույ-պույ մկնիկը» (խնդրում եմ հիշյալ գրքի մեջբերմանը քաղաքական աստառ չտալ…)։ Այո՛, նայում ես շուրջդ ու ամեն անգամ զարմանում. ախր ինչքա՞ն կարելի է շեղվել, ինչքա՞ն կարելի է խաբվել: Նույն պատգամավորները նախընտական փուլում նույն ձևով գրոշներ կգցեն ընտրողների առաջ, գրոշները կվերցվեն, իսկ ընտրություններից հետո ընտրողը կվերածվի հակաբեղմնավորիչ խեժապահպանակի, որը դեն է նետվում գործածվելուց հետո։ Դեն նետվելուց հետո գրոշ վերցնողը էլի կսովածանա, բայց այս անգամ կգնա օպերայի հրապարակ, որ սիրտը հանգստացնի «Պայքա՜ր, պայքա՜ր» գոռալով։ Գուցեև հանկարծ մի օր ընդդիմությունը կանգնի իշխանության գլուխ, բայց նախկին «պայքարած տղերքն» արդեն զբաղված կլինեն հսկայածավալ թալանով և իրեն նույն ձևով կշպրտեն ունիտազը։ ՈՒ շատ էլ լավ կանեն, տեղն է, բոլորին հասնում է այն, ինչ հասնում է: Ռուսերեն լավ բառ կա` поделом:
-Վերջին շրջանում հաճախ է խոսվում հեռուստաեթերի մաքրման աշխատանքների մասին, բայց դրական տեղաշարժ առայժմ չի նկատվում:
-Հեռուստաեթերի մաքրման աշխատանքը պետք է կատարվի պետական մակարդակով: Դա կարելի է անել շատ հեշտ, երկու տարվա ընթացքում: Պետք է բոլորին զգուշացվի, որ եթե հիմա 90 տոկոս աղբ եք ցույց տալիս և 10 տոկոս ոչ աղբ, ապա երկու տարվա ընթացքում, ան-նկատ ձևով` դրանց տեղերը փոխեք։ Մեկ է, մարդիկ ընդունում են այն, ինչ հրամցվում է: Այժմ կսկսեն դիտել բարձրաճաշակ բաներ։ Այդպես էր 70-ականներին, 80-ականներին։ Ես զանգել, հանդիպումներ եմ խնդրել ամենատարբեր պաշտոնյաներից և մարդկանցից, որ հանդիպեմ, բայց իրենք ժամանակ չունեն ընդունելու, իրենք «նիստի» են, իրենք «խորհրդակցության են», «քաղաքում չեն»։ Չեմ ասում, որ հայտնվել եմ սև ցուցակում, էդ իրենք պիտի հայտնվեն իմ սև ցուցակում: Գուցե վախենում են հանդիպումից, գուցե ժամանակ չունեն, հիմա ընտրություններ են, իրենց պետք է, որ շատ մարդիկ նայեն հեռուստատեսություն, և կարծում են, թե ինչքան այլանդակ բան ցույց տան, այդքան մեծ լսարան կունենան: «Շատ մարդ» հասկացությունը «ռեյտինգն» է, բայց յուրաքանչյուր ողջամիտ մարդ գիտի, որ այդ ռեյտինգը ամենաահավոր կործանարար հասկացությունն է աշխարհում: Մի բան, որ շատ են նայում, դա վատն է, մի ապրանք, որ շատ են գնում, էժան է, վատն է: Մի բան, որ բոլորն են անում, ուրեմն վատ բան են անում։
-Երիտասարդները սոցցանցերում խմբեր են ստեղծում` վեր հանելով օրախնդիր հարցեր` արժանապատիվ տրանսպորտ, հեռուստաեթերի մաքրման աշխատանքներ և այլն:
-Կան լավ երիտասարդներ, բայց, ցավոք, հենց հերթը հասնում է որևէ բան ձեռնարկելուն, ժամանակ չունեն: Հենց այնպես գրում են: Ես լավագույններին եմ դիմել, ասել եմ` խումբ հավաքեք, շաբաթը մեկ անգամ եկեք, խոսենք, ֆիլմերի մեծ հավաքածու ունեմ, բոլորին տրամադրեմ, դիտումներ կազմակերպենք, քննարկենք։ Դերասանի մասնագիտությունը մի հավասարեցրեք աղբի։ Բայց իրենք ժամանակ չունեն։ Իրենք զբաղված են… Թե ինչով, բոլորս էլ գիտենք։ Թատերական ինստիտուտի շրջանավարտների 80 տոկոսը ոչ միայն չգիտի, թե ով է Մառլոն Բրանդոն, այլև չգիտի, թե ով էր Մհեր Մկրտչյանը: Նրանք գիտեն միայն նրան, ում անձամբ ճանաչում են, կամ էլ իրենց պես խոտ մյուս սերիալական-չդերասանների անունները։ Թատերական ինստիտուտը պիտի ունենա հատուկ տեսադարան և պիտի ուսանողներին պարտադրի նայել ու քննարկել այն բոլոր ֆիլմերն ու ներկայացումները, որոնք պիտի նայել: Չէ՛։ Եթե անգամ ստեղծես, չեն դիտի։ Սերիալ ու սերիալ: ՈՒ ցավալի է, որ ցանկացած բազմասերիանոց ֆիլմ (ասենք` 4 սերիա, 14 սերիա, լավ` 24 սերիա) մենք անվանում ենք «սերիալ»։ Ցանկացած ռուսական սերիալ ունի սկիզբ ու վերջ, ես հաճույքով դիտում եմ… Բայց դրանք ֆիլմեր են, այլ ոչ գավառական այլանդակություն, որտեղ բոլորն էնպես են ողբում, ասես կրկին հայտնվել են Դեր Զորի ճամփին։ Իսկ եթե էսպես գնա, նման ճանապարհ ընկնելը հեռու չէ։
Ասում եք` պայքարում են, խմբեր կազմում, բայց եթե գրագետ չեն, եթե համացանցում գրում են լատինատառ, էլ ի՞նչ հայրենասիրություն: Facebook-ի «Խոսենք հայերեն» բազմամարդ խմբի անդամները, որոնք իրենց Ընկերների բաժինը Կոմիտասի նկարով ու Ցեղասպանությանը վերաբերող աֆիշներով են լցնում, գրում են լատինատառ: Կրկնում եմ` լատինատառ։ Էդ դեպքում ինչի՞ են պետք հայերեն տառերը: Եթե Մարկեսը լատինատառ է գրում, ավելի վատ գրո՞ղ է, քան, ասենք, Զորի Բալայանը: Ո՛չ: ՈՒրեմն, պետք չէ դա մեզ: Ես հատուկ նայել եմ, վրացիների 10 տոկոսն է գրում լատինատառ: Կամ, այսօրվա ֆոնետիկ ստեղնաշարը. անգլերենի տակ հայերեն տառերն են: Թվում է` սովորական բան է, բայց ինչպիսի ստրկամտություն կա դրա ներքո։ Մոբիլ գործիքների հայատառ ծրագիր ստեղծողներին ասում ես, որ մարդկանց նորմալ մասը հայկական գրամեքենայի ստեղնաշարից է օգտվում, ասում են` քիչ են, շատի վրա ենք աշխատում: Դե աշխատեք, ու դարձրեք անգրագետ ստրուկ: Գուցե ասեք` չափազանցում եմ: Հարցնում եք` պատասխանում եմ: Ես դրանով չեմ ապրում, այս մտքերով չեմ ապրում, ես ապրում եմ երաժշտությամբ, կինոներով, ես է՛լ հայերեն չեմ էլ գրում: Պատրաստվում եմ նոր գիրք գրելու, որը, եթե ամեն ինչ լավ լինի, առաջինը կհրատարակվի Սանկտ Պետերբուրգում, հետո` Ֆրանսիայում: Գիրքը հայ ընթերցողին կհասնի ռուսերեն։ Եթե կա մի ընթերցող, որը միայն հայերեն է կարդում, այդ ընթերցողն ինձ չի հետաքրքրում: Ինձ տհաճ է այն հայաստանաբնակը, որը 21-րդ դարում գոնե որպես երկրորդ լեզու` ռուսերեն, անգլերեն կամ ֆրանսերեն չգիտի:
-Գիրքը մե՞ր իրականության մասին է:
-Այո, բայց կարծում եմ, որ առաջին հերթին կհետաքրքրի օտարազգիներին: Այստեղ շուկա չկա, ո՞ւմ համար գրեմ: Թող 10000 հոգի պատվեր տա, որ ուզում է կարդալ, հայերեն կտպագրենք: Դուք պատկերացրեք, ես պետք է 8 ամիս նստեմ գիրք գրելու, ընդ որում, 8 ամիս պետք է սոված նստեմ, որովհետև չեմ կարող երկու-երեք գործ անել կամ սերիալում խաղալ, հետո հրատարակել, դա էլ է ծախս, հետո պիտի 3 տարում 1000 հոգի գնի, որ մի 30 հազար հոգի կարդա: Առաջին գրքիցս վաճառվեց 7 հազար օրինակ` երկու-երեք տարում, բայց դա չի նշանակում, թե երկրորդ գիրքն ավելի վատն էր: Գիտե՞ք ինչ եղավ. նույն քանակով են կարդում, բայց ձևը գտել են` փոխանցելով: Բոլորը գիտեն «Marlboro lights» որտեղ գնել, բայց, չգիտես ինչու, ոչ ոք չգիտի, թե որտեղ է վաճառվում գիրքը: Որովհետեւ իրականում չեն ուզում գնել, ուզում են, որ իրենց տան: Ով ասում է` «ՈՒզել եմ, չեմ գտել», ստում է:
-Մեր օրերում պետք է քաղաքականացվա՞ծ լինեն գրականությունը, պոեզիան, սա անխուսափելի՞ է:
-Ոչ թե քաղաքականացված, այլ հրապարակախոսական: Օրինակ, «Մեա կուլպան» հրապարակախոսական մասեր շատ ունի, բայց դա չի նշանակում, որ պիտի այսպես կամ այնպես լինի: Այդ «պիտին» խորհրդային ժամանակների խոսք է: Այնքան տարբեր գրականութուն կա այսօր. սիրային, քնարական գործի մեջ կարող է բացվել քաղաքական կամ հրապարակախոսական միտում: Նշանակություն չունի` ինչը ոնց կարելի է անել:
-«Ինչքա՜ն ժամանակ ենք վատնում կեղծելու, ստելու, կյանքը փչացնելու համար». Ձեր տողերն են: Մի՞շտ է պետք ասել այն, ինչ մտածում ես, մանավանդ եթե դա վերածվում է հայհոյանքի:
-Մեկ-մեկ պետք է: Ինձ ասում են` ջղայնացած ես խոսում, ես հիմնականում խաղում եմ, դա իմ խոսելու ձևն է, կամ ծիծաղելով եմ խոսում, կամ այսպես: Տարվա մեջ 3-4 տեսանյութ եմ տեղադրում համացանցում: Շատ մարդիկ են նայում: Մեկնաբանությունները հիմնականում ջնջում եմ, մանավանդ, երբ գրում են` «ինչ լավ է, որ դուք կաք»: Կարծում եմ, այդ մարդիկ ավելի վտանգավոր են, քան չսիրողները: Արդեն չեմ էլ ուզում կայքում դրածը հղել որևէ սոցիալական ցանցի: Սկսում են վիճել` հասնելով հայհոյանքի, հաշվի չառնելով, որ ուրիշ մարդու account է: Ինտերնետային հիգիենա գոյություն ունի: Անգամ տեսնում են, որ ես նյութի մեջ հայհոյանքները փակել եմ, բայց իրենք տակը հանգիստ գրում են այդ բառերը: Դա 3000 տարվա մշակույթ ունեցող ժողովրդի պոռթկումներից մեկն է: Ռուսական ֆորումներում, եթե հայհոյանքով բառ ես գրում, ավտոմատ դուրս կթռցնի գրողին։ Բայց էս գեղում ով ինչ ուզի կգրի, ինչ կարծիք ուզի, կհայտնի։ Եվ էդ ամեն ինչն անվանվում է դեմոկրատիա։
-Բայց Ձեր գրքերում շատ են ազատ արտահայտությունները:
-Գիրքն ուրիշ է: Օրինակ, Վարդան Պետրոսյանը կարողանում է բեմից ասել հայհոյական խոսք, որը ոչ մեկին հայհոյանք չի թվում: ՈՒրիշ, գուցե ավելի լավ դերասան չի կարողանում: Դա դերասանի մասնագիտության առավելությունը չի, դա տեսակ է: Առաջին գիրքս ես փոխեցի, որովհետև շատ էր հայհոյանքը, հետո ամեն ինչն այնտեղ կատակային ձևով է ասվում, սկզբում բացատրվում է հայհոյանքի պատճառը: Դրանից հետո ես կարդացել եմ գրողների, որ ծայրից ծայր հայհոյանքով են գրում, դա զզվելի է արդեն: Վերցնենք երկու ռուս գրող` Վենեդիկտ Երոֆեև, Էդուարդ Լիմոնով: Լիմոնովը աղբ է, նա գրող չէ էությամբ (ու շատերն են կարդում), Երոֆեևը հանճարեղ մարդ է: Չեմ փորձում համեմատել: ՈՒղղակի` աղբը աղբ է: Չի կարելի անել այն, ինչ անում է կողքինը:
-«Լույսն ամբողջովին պարուրեց ինձ, ու ես ակնթարթորեն, բայց վերջնականապես ննջեցի` գլուխս դրած Հայրենիքիս ծնկներին»: «Հավերժ կախաղանի» վերջին տողերն են: Նման տողերի հեղինակը պիտի որ չգնա հայրենիքից: Մի ժամանակ ասում էիք, որ գնալու եք։
-Ես գնացի, հետ եկա, էլի եմ գնալու, էլի եմ հետ գալու: Գնալը իրենք սխալ հասկացան: Այն ժամանակ ինչ-որ վիճակ էր ստեղծվել, երբ ես կատակ էի արել ընդդիմության հետ կապված, նույն մարդիկ, որ «Մեա կուլպա» էին նայում, գրում էին` «ինչ լավ է, որ կաք», հետևիցս գոռում էին դավաճան` ամեն տեսակի հայհոյական խոսքերով: Տեսեք, ես քնում եմ հատակին, բնակարան չունեմ, ամեն ինչ վարձակալած է, բայց դա իրենց չխանգարեց մարդուն որակելու որպես իշխանություններին ծախված, միլիոնատեր դավաճան: Դեհ, իհարկե, կարելի է և ուշադրություն չդարձնել ամեն ծերտի ասածին, բայց ինչ էլ լինի` վիրավորական է: Այստեղ դժվար է ապրելը: Սա այն Երևանը չէ, որ ես ապրել եմ, սա ինչ-որ պոռնո սայթ է:
Ես թքած ունեմ բոլոր հոսանքների վրա: Եթե ընդդիմության, կառավարության մեջ կան լավ մարդիկ, ես այդ մարդկանց նորմալ եմ վերաբերվում: Երբ ես ասում եմ բոլորը, նկատի ունեմ 95 տոկոսին. ով իր վրա է վերցնում, թող վերցնի: Ես ասել եմ` այն մարդը, որ կուսակցական կամ պատգամավոր է դառնում իր շահերի համար, այլ ոչ ժողովրդին ծառայելու, նա պոռնիկի զավակ է: Հիմա ով ուզում է իր վրա վերցնի, թող վերցնի: Ես չեմ կարող նրանց ասել ստոր, խաբեբա, որովհետև դա այսօրվա օրով հավասար է հայրենիքի դավաճանության:
-«Հավերժ կախաղա՞ն»։ Ո՞րն է ելքը:
-Գիտեք, «բռնապետ» բառը իր նախնական իմաստով ուղղակի այս է` անհատն է որոշում կայացնողը: Նա կարող է լավ բաներ որոշել: Հուլիոս Կեսարն էլ է բռնապետ եղել, Օգոստոս կայսրն էլ, Ավգուստո Պինոչետն էլ, բայց երկիրը ծաղկել է:
-Հիմա դուք բռնապետությա՞ն կողմնակից եք:
-Ես կողմնակից եմ «բռնապետություն» բառին` նախնական իմաստով: Այսօր կարդինալ փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ է մի քանի ամսով երկրի սահմանները փակել, օդանավակայանները փակել ու կատարել «մեծ մաքրում»: Այսպես չի կարող շարունակվել: Չորի հետ թացն էլ է վառվում, Մաքիավելին է ասել` նպատակն արդարացնում է միջոցները: Խորհրդային տարիներին 10 հազար ռուբլի պետությունից գողանալու համար գնդակահարություն էր հասնում: Այս օրենքը հիմա պիտի գործեր, 10 հազար դրամ կաշառք վերցնողին թող ցմահ բանտարկություն տային, տեսնեինք, ինչ է լինում դրանից հետո: Բայց ո՞վ պետք է այդ օրենքը հաստատի, այն մարդը, ով վերցնո՞ւմ է: Չիլին 6 տարի բռնապետություն էր, որից հետո իրեն հայտարարեց դեմոկրատական պետություն: Հիմա Չիլին Ամերիկա մայրցամաքի 3-րդ զարգացած պետությունն է` ԱՄՆ-ից, Կանադայից հետո: Եթե միլիոնավոր մարդիկ են մահանում սովից, հիվանդությունից, դա ոչինչ, բայց եթե պատժում են 3000 կեղեքիչ-դավաճանի, այսինքն` իսկական ժողովրդի թշնամիներին, «առաջավոր մարդկություն» կոչվածը նրան սկսում է քարկոծել: Մեղքը մենք չենք հաշվում, մեղքն Աստված է հաշվում, ու այնտեղ էլ է մաթեմատիկա գործում: Ի վերջո, ավելի լավ է 10 մարդ մեռնի, քան 11, թեկուզ մեկ հոգու տարբերությամբ: Եթե լինի բռնապետություն ու մի հարյուր, հազար հոգի հանվի կախաղան, մեծ օգուտ կլինի: Այն բանի համար չէ, որ նրանք չլինեն, նրանց լինել-չլինելը էական չէ, այլ այն, որ եկող սերունդը տեսնի, որ դրա համար պատիժ կա, ու դա փոխանցվի հաջորդ սերունդներին:
Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1718

Մեկնաբանություններ